Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերների տևական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն և տեղում կատարել առաջադրանքները:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տարաբնույթ նախագծերի օգնությամբ վաղուց կոտրել է այն կարծրատիպը, որ թանգարան պետք է այցելել պասիվ դիտորդի կարգավիճակով: Այդպիսի նախագծերից մեկն էլ «Ստեղծիր քո շրջայցը» նորաստեղծ հարթակն է: Առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլև վերարտադրում և վերաիմաստավորում իրենց տեսածը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գործընկերոջը՝ Beeline-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը:
«Մենք միշտ կողմնակից ենք, որ ժամանակակից կրթությունը լինի հետաքրքիր և գրավիչ։ Վստահ եմ, որ դրան հասնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաներն են։ Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–