ԵՏՄ–ի շրջանակում ռոումինգի գներն առաջիկայում մի քանի անգամ կնվազեն

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի շրջանակում ռոումինգի գներն առաջիկայում մի քանի անգամ կնվազեն։ Այս մասին լրագրողներին է տեղեկացրել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը։
«Բջջային օպերատորները, մեր երկրների իրենց գործընկերների հետ անցկացնելով երկար ամիսներ տևող բանակցություններ, նշեցին, որ առաջիկայում ռոումինգի սակագները կնվազեն մոտ 10 տոկոսով` շուրջ 7 անգամ», –Արտեմևի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
2015 թ.–ի հունիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիների համար ռոումինգի գները կնվազեն ամենաքիչը 2 անգամ, հաղորդում է eurasiancenter.ru–ն։
Մայիսի վերջին հաղորդվում էր, որ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ռուսական բջջային օպերատորներին նամակներ էր ուղարկել` խնդրելով, որպեսզի նրանք իրենց ռոումինգային գործընկերներին առաջարկներ ուղարկեն փոխհաշվարկների տոկոսադրույքները փոխելու մասին, որոնց չափից է մեծ մասամբ կախված բաժանորդի համար ծառայության արժեքը։ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության կարծիքով` ռոումինգի սակագները չպետք է էականորեն տարբերվեն բաժանորդի ժամանակավոր կացության երկրում գործող կապի գնից։
Միաժամանակ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ռոումինգի գների նվազման հարցը քննարկել է միջազգային աշխատանքային խմբի մակարդակում, որը ձևավորվել էր ռուսական և թուրքական կողմերի նախաձեռնությամբ։ Խմբում ներառվել էին ԵՏՄ, ԱՊՀ երկրները։ Խմբի աշխատանքներին նաև մասնակցել են շահագրգիռ այլ երկրներ` Եգիպտոսը, ԵՄ և Հարավային Աֆրիկայի երկրները։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ կապի` ռուսական և օտարերկրյա օպերատորները մինչև 2016 թ.–ի մարտ կլուծեն միջազգային ռոումինգի սակագների նոր պայմանների հարցը։–0–