USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը չի փակվի. EIF

14.05.2014, 17:20
Հայաստանում Գյումրու տեխնոպարկի ստեղծման հայտնի ծրագիրը չի փակվի, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` մեկնաբանելով Գյումրու տեխնոպարկի լուծարման մասին տարածված լուրերը։
Հայաստանում Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը չի փակվի. EIF
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Գյումրու տեխնոպարկի ստեղծման հայտնի ծրագիրը չի փակվի, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` մեկնաբանելով Գյումրու տեխնոպարկի լուծարման մասին տարածված լուրերը։

Լուրերի համար առիթ է դարձել Հայաստանի կառավարության` մայիսի 15–ին կայանալիք նիստի օրակարգը, որի ընթացքում ծրագրվում է քննարկել «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ–ի լուծարման հարցը։ Օրակարգի համաձայն, կառավարությունը պետք է համաձայնություն տա «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ–ի լուծարմանը ձեռնարկության բաժնետերերի առաջիկա ընդհանուր ժողովի ընթացքում։ Կառավարության որոշման նախագծի համաձայն, պետական բաժնեմասը որպես ձեռնարկության բաժնետեր կազմում է 49.02 տոկոս, մնացած բաժնետոմսերը պատկանում են «Անալիտսարք–մեկ» ՓԲԸ–ին։

«Կառավարության որոշմամբ լուծարվող «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ–ն ստեղծվել է դեռ 2006 թվականին և իրավաբանական կամ բովանդակալից որևէ կապ չունի Գյումրու տեխնոպարկի կառուցման հայտնի ծրագրի հետ, որն իրագործում է Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի ներդրումներով»,– ասաց Ենգիբարյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ Գյումրու տեխնոպարկի ձևավորման ծրագիրն իրականացվում է սահմանված կարգով, և դրան բացարձակ ոչինչ չի սպառնում։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, «Գյումրու տեխնոպարկ» լուծարվող ՓԲԸ–ն հիմնվել է 2006 թվականին, և հիմնադրման պահից առայսօր որևէ գործունեություն չի իրականացրել։ Այս առումով ընկերությունում հետագա պետական մասնակցությունն աննպատակահարմար է, և առաջարկվել է սկսել լուծարման գործընթաց։

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, ձեռնարկության ակտիվների հաշվեկշռային արժեքը կազմում է 9794,0 հազար դրամ, այլ ոչ ընթացիկ ակտիվները` 17669,0 հազար դրամ, իսկ այլ ընթացիկ ակտիվները` 413.0 հազար դրամ։ Ընկերությունն անշարժ գույք չունի, բայց ունի 20622.0 հազար դրամի որոշակի պարտավորություններ, մասնավորապես 17005.0 հազար դրամի բանկային վարկեր, 671.0 հազար դրամի հարկային պարտավորություններ, 2931.0 հազար դրամի աշխատավարձերի կրեդիտորական պարտքեր, ինչպես նաև 15.0 հազար դրամի ընթացիկ պարտավորություններ։

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

2012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկել է տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ  պետք է ձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլար պետք է կազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված էր իրականացնել երկու տարվա ընթացքում։

Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղությունները կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերչություն և զբոսաշրջություն։ Տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները: ($1 – 413,35 դրամ)։ -0-