USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Պարգևատրվել են ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողները

16.07.2015, 12:53
ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողները պարգևներ են ստացել Beeline-ի և ԻՏՁՄ–ի ներկայացուցիչների կողմից, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Պարգևատրվել են ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողները պարգևներ են ստացել Beeline-ի և ԻՏՁՄ–ի ներկայացուցիչների կողմից, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 6-ից 16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։

Դիջիքեմք ամառային ճամբարի հիմնական նպատակը  երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաև մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրեր:

Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրեցին 9 նախագիծ։ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվեցին աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործեցին իրենց նախագծերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների  և թիմային աշխատանքի շնորհիվ։

Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode  նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord և ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ  2015–ի հավաստագրեր:

Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորել է հաղթողներին և շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։

«Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով և աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում», – ասել է նա։

Պյատախինն ավելացրել է, որ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը։

Իր հերթին, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է, որ բացի նորարարական գաղափարների բացահայտումից և բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ԻՏՁՄ–ն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ:

«Մենք առանձնակի կարևորում ենք  պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաև ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների», – ասել է նա։

Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին և ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Հայաստանի  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` այդ ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ–ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։ -0-