CNN հեռուստաալիքը Ռուսաստանում հեռարձակման թույլտվություն է ստացել
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. CNN ամերիկյան հեռուստաալիքը Ռոըսաստանում հեռարձակման լիցենզիա է ստացել, Ռոսկոմնադզորը երկուշաբթի CNN International–ի կառույցներին հեռարձակման ունիվերսալ լիցենզիա է հանձնել։
CNN ամերիկյան հեռուստաալիքը Ռուսաստանում հեռարձակման լիցենզիա է ստացել, գրում է «Իզվեստիա» թերթը։ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտի վերահսկող դաշնային ծառայությունը երկուշաբթի` մարտի 23–ին, CNN International–ի կառույցներին հեռարձակման ունիվերսալ լիցենզիա է տրամադրել, թերթին պատմել է ամերիկյան ընկերության աղբյուրը։ «Այո, մարտի 23–ին մենք Ռոսկոմնադզորից 10 տարով ալիքի հեռուստահեռարձակման լիցենզիա ենք ստացել»,– ասել է պարբերականի զրուցակիցը։
Ռոսկոմնադզորի ղելավար Ալեքսանդր Ժարովը հաստատել է CNN–ի հեռարձակման արտոնագրերի տրամադրումը։ «Ողջունում եմ այն փաստը, որ CNN–ը հստակ հետևում է բանակցություններում ձեռք բերած պայմանավորվածություններին, և հավատում եմ, որ դրանք նույնքան հստակ ու անթերի կլինեն իրենց կոնտենտային քաղաքականությունում»,– հայտնում է գերատեսչության ղեկավարը, հաղորդում է РБК–ն։
«Թերներ ինֆորմացիոն ծրագրեր և կյանքի ոճ» ՍՊԸ–ի ներկայացուցիչներից, ովքեր հեռարձակման լիցենզիայի հայտ էին ներկայացրել, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
CNN հեռուստաալիքը Ռուսաստանում հեռարձակվել է 1980–ականների վերջից։ 1991 թվականից հետո շուրջօրյա հեռարձակվել է Մոսկվայում։ Ռուսական մայրաքաղաքում շուրջօրյա անվճար հեռարձակումը դադարեցվել է 1998 թվականի հունվարի 1–ին։ Դրանից հետո ազդանշանը տարածվել է մալուխային և արբանյակային ցանցերով։
Փետրվարի 17–ին Ռոսկոմնադզորի մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին հայտնել է РБК–ին, որ CNN International–ը Ռուսաստանում հեռարձակման ունիվերսալ լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել։ Ունիվերսալ լիցենզիան թույլ է տալիս ալիքին եթեր դուրս գալ մալուխային հեռուստատեսության միջոցով։ Փետրվարի 26–ին Ռոսկոմնադզորի ղեկավարը հրաման է ստորագրել CNN–ին Ռուսաստանում գրանցման վկայագիր տալու վերաբերյալ։ -0-