USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

19.10.2018, 17:53
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:
#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) և հաղորդակցական ուղիների (channels) անընդհատ ընդլայնվող ցանցի համադրությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել կոմպլեքս խնդիրների ու տվյալների պահման ամպային լուծումներից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամպային ծառայությունների անընդհատությունն ապահովելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է ամպային ենթակառուցվածք, որում համադրվել են սեփական հաղորդակցական ուղիներն ու կիրառվել նորարարական տեխնոլոգիաները: Ընկերությունն իր տվյալների կենտրոնները վերազինել է տվյալների պահման առավել արդիական ու ապահով համակարգերով և սերվերներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների կենտրոնը համապատասխանում է անխափան աշխատանքի ապահովման ամենաբարձր չափանիշներին, ներառյալ՝ էլեկտրասնուցման ու հովացման համակարգերի գործունեության անընդհատությունը: Այսպես, համակարգի բաղադրիչներից մեկի տեխնիկական խնդիրը չի կարող խաթարել ամբողջ համակարգի բնականոն աշխատանքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ամպային լուծումների համակարգը ճկուն է և հարկ եղած դեպքում կարող է հեշտորեն վերաձևվել՝ ըստ ծառայություններին առաջադրված նոր պահանջների: Բացի այդ՝ համակարգը բացարձակապես անվտանգ է շրջակա միջավայրի համար և հուսալի՝ ամբողջովին համապատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սոցիալական և բնապահպանական պատասխանատվության երկարաժամկետ ռազմավարությանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամպային ծառայությունը տրամադրում է վիրտուալ միջավայրում գործող պլատֆորմ, որը թույլ է տալիս ընկերություններին մշակել, գործարկել և կառավարել ծրագրային հավելվածներ՝ առանց սեփական ենթակառուցվածքը կառուցելու և սպասարկելու անհրաժեշտության: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ամպային ծառայություններից օգտվելու դեպքում ընկերությունները կարող են մի քանի անգամ նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի հետ կապված իրենց ծախսերը և ստանալ շոշափելի արդյունք՝ խնայելով թե՛ սեփական ժամանակը, և թե՛ ֆինանսական, խորհրդատվական և մարդկային ռեսուրսներ (ներառյալ՝ ՏՏ աշխատակազմ պահելու և դրա շարունակական ուսուցման համար պահանջվող), և այլ», – հայտնում են ընկերությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է մշակման և կառուցման ճկուն միջավայր, որը թույլ է տալիս օգտագործողներին ինքնուրույն տեղադրել ցանկացած բան՝ պարզ ամպային հիմքով հավելվածներից ընդհուպ մինչև բարդ, ամպային տեխնոլոգիաներով գործող, ընկերությունների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:–0–