Ճապոնիան բջջային հավելվածների համաշխարհային խոշորագույն շուկան է
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սմաթֆոնների և պլանշետային համակարգիչների ճապոնացի օգտագործողներն այդ սարքերի բջջային հավելվածների գնումների քանակով աշխարհի առաջատար են դարձել` այդ ցուցանիշով առաջ անցնելով ամերիկացիներից։ Այդ մասին հաղորդում է tasstelecom.ru–ն` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին, որոնք վկայակոչում են ամերիկյան «Էփ Էնի» վերլուծական ընկերության տվյալներին։
Ընկերության տեղեկացմամբ, հոկտեմբերին ճապոնացիները նոր ծրագրերի բեռնման համար ծախսել են ավելի քան 340 մլն դոլար։ Իսկ ամերիկացի օգտագործողները` մոտ 310 մլն դոլար։ Բջջային հավելվածների ճապոնական շուկան վերջին տարում տպավորիչ աճ է ցուցադրել։ Ներկայում այն երեք անգամ ավելի մեծ է հարավկորեականից և վեց անգամ` բրիտանականից։
«Էփ Էնիի» վերլուծաբանների կարծիքով, Ճապոնիայի համաշխարհային առաջատարի դիրքը նվաճել թույլ է տվել երկրում բջջային խաղերի մեծ տարածումը։ Վերջին տարիներին խաղային հավելվածների վաճառքների թիվը Ճապոնիայում, որը նախկինում էլ համարվում էր աշխարհի «ամենախաղացող» երկրներից մեկը, աճել է չորս անգամ։ Կանխատեսումների համաձայն, վերջին տարում երկրի բջջային խաղերի վաճառքներից ստացված շահույթը կկազմի ավելի քան 4 մլրդ դոլար, և այդպիսով Ճապոնիային բաժին կընկնի այդ արտադրանքի համաշխարհային պահանջարկի ավելի քան մեկ քառորդը։ -0-