ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունը կարելի է ակտիվացնել ընկերների և մտերիմների համար
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնել ՎիվաՍել-ՄՏՍ–ի բաժանորդ` ընկերների և մտերիմների համար, տեղեկացրեցին բջջային օպերատորի մամուլի ծառայությունից։
Ակտիվացնելով ծառայությունը` բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետ, ներառյալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ։
Ծառայությունը 1 օրով ընկերների կամ մտերիմների համար ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*հեռախոսահամարը*1#, իսկ 30 օրով ակտիվացնելու համար՝ *777*հեռախոսահամարը*30#:
BIT1 փաթեթի ակտիվացման դեպքում, որի արժեքը 100 դրամ է, բաժանորդը ստանում է 50 ՄԲ գերարագ ինտերնետի փաթեթ (256 Կբիթ/վրկ)։
Իսկ BIT30 փաթեթի ակտիվացման դեպքում, որի արժեքը 2,5 հազար դրամ է, բաժանորդը կստանա օրական 50 ՄԲ գերարագ ինտերնետի փաթեթ (384 Կբիթ/վրկ)։
Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է երկու տարբերակով՝ «BIT1» և «BIT30»` համապատասխանաբար 1 օր և 30 օր գործողության ժամկետով:
Հետվճարային բաժանորդներն այս պահին կարող են օգտվել 1 օր գործողության ժամկետով ծառայությունից:
Ակտիվացման գումարը գանձվում է ակտիվացնող կողմի հաշվից:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը (Ղ-Տելեկոմ) հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին ($1 – 483,71 դրամ)։–0–