Երևան Մոլը և Beeline-ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագիր մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևան Մոլը և «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երևան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից ստացված 10%–ը:
«Շատ կարևոր է հունիսի 1-ը տոն դարձնել այն մանուկների համար, ովքեր առողջական խնդիրներ ունեն, և ուրախ մանկություն ունենալու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նրանք, առավել քան մնացած երեխաները, ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը» - նշեց Երևան Մոլի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։
Իր հերթին Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը նշեց, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ և առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։
«Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր և լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը», - ասաց Այրումյանը:
Ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամբողջ հունիս ամսին կատարելով գնումներ Երևան Մոլի այն խանութներից, որոնց ցուցափեղկին փակցված է «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը:
Նշենք նաև, որ Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն կատարել` ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 ՀՀ դրամ է:
Բացի այդ, ցանկացողները կարող են նաև դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկի» 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–