Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփեց երկրորդ ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մեկ ամիս շարունակ մենթորների, սեմինար վարողների և աջակցող այլ կողմերի հետ միասին թիմերն աշխատեցին իրենց ստարտափների վրա։ Առաջին ամենամսյա մոնիթորինգի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը. նրանք ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները և պատասխանեցին ներկաների հարցերին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Առաջին ամսվա մոնիթորինգի գնահատականների արդյունքում լավագույն եռյակում հայտնվեցին eSwap-ը, որը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը, որը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի և LinguaStorm-ը, որը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։
Նշվում է, որ ռիսկային գոտում հայտնվեցին ստարտափներից երկուսը և ինկուբացիոն ցիկլից դուրս մնաց մեկ ստարտափ։ Նմանատիպ մոնիթորինգներ անցկացվելու են նաև հետագա երեք ամիսների ընթացքում։
«Զարգացման մոնիթորինգը ցանկացած կրթության կարևորագույն մասն է, իսկ մենք տրամադրված ենք միայն լավագույն արդյունքի հասնելուն։ Մեզ մոտ ինկուբացիա անցնող ստարտափները ցիկլի ավարտին պետք է պատրաստ լինեն ներկայանալու իրական ներդրողներին, իսկ դրա համար հսկայական աշխատանք է պետք կատարել։ Շատ ուրախ եմ տեսնել մեր թիմերի առաջընթացը և մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորին», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում անցնում են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր», – հայտնում են ընկերությունից։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–