USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայտնաբերվել են Beeline-ի մալուխների թալանողները

19.11.2015, 14:43
Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության ինտերնետ կապի խափանումների պատճառը, որոնք բաժանորդների մոտ դիտարկվել են ընթացիկ տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, եղել է Երևանի թվով 158 շենքերի մուտքերից օպտիկամանրաթելային մալուխների գողությունը:
Հայտնաբերվել են Beeline-ի մալուխների թալանողները

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության ինտերնետ կապի խափանումների պատճառը, որոնք բաժանորդների մոտ դիտարկվել են ընթացիկ տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, եղել է Երևանի թվով 158 շենքերի մուտքերից օպտիկամանրաթելային մալուխների գողությունը:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է գողության դեպքեր՝ 117 «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի, 25 «Էրեբունի» վարչական շրջանի և 16 Աջափնյակի, Ավանի ու Դավթաշենի շենքերում:
 
Գողացվել է մոտ 9 կմ երկարությամբ մալուխ, իսկ ընկերությանը հասցված վնասը գերազանցում է 12 մլն. դրամը: «Ի պատասխան կասկածյալների գործողություներին` ընկերությունում օպերատիվ կերպով ներդրվել է մալուխային ենթակառուցվածքի, այդ թվում` բաժանորդային գծերի վերահսկման համակարգ:

Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կապի խափանումներին և մալուխներին հասցված ֆիզիկական վնասներին:
Հոկտեմբերի 27-ին համակարգը գրանցել է կապի հաջորդական անջատումներ:

 «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանի շենքերի երեք մուտքերում: Beeline-ի աշխատակիցների և Երևանի ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ դեպքի վայրում ձերբակալվել է կասկածյալ: Վերջինիս մոտ հայտնաբերվել է գողացված մալուխներով տոպրակ: Երկու օր անց օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և Ոստիկանության Աջափնյակի բաժին է բերվել Աջափնյակում և Դավթաշենում մալուխների գողության մեջ կասկածվող ևս մեկ անձ: Երկու ձերբակալվածներն էլ խոստովանել են իրենց մեղքը և ներկա պահին համագործակցում են հետաքննության հետ», – նշել է Հայաստանում Beeline-ի Անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Խառաշիլովը:

«Այժմ, երբ հետաքննությունը մոտենում է ավարտին, ընկերությունը կարևոր է համարում օպտիկամանրաթելային FTTB ինտերնետի բաժանորդների հետ կիսվել ինտերնետ կապի խափանումների պատճառներով և բոլոր մանրամասներով: Վնասված և գողացված մալուխներն օպերատիվ կերպով վերականգնելու նպատակով մենք հատկացրել ենք լրացուցիչ միջոցներ, որոնք հաշվարկվում են միլիոններով: Այս ներդրումները մեզ հնարավորություն տվեցին նվազագույնի հասցնել հանցագործների գործողությունների հետևանքները, իսկ վերահսկողության նոր համակարգը` օպերատիվ կերպով արձագանքել խափանումների, վնասների և գողությունների դեպքում», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ կապի խափանման կամ բացակայության դեպքում Beeline-ը օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդներին կոչ է անում անհապաղ դիմել Հաճախորդների սպասարկման ծառայություն 100 հեռախոահամարով կամ այդ մասին գրել անձնական հաղորդագրության միջոցով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ ($1 – 481,91 դրամ)։--0--