Հայկական Beeline–ը բարելավում է «Infinity 512» և «Infinity 1024» կանխավճարային սակագնային փաթեթների օրավարձի գանձման պայմանները
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) դեկտեբերի 25–ից կբարելավի «Infinity 512» և «Infinity 1024» կանխավճարային սակագնային փաթեթների օրավարձի գանձման պայմանները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Համաձայն նոր պայմանների` օրավարձը կգանձվի միայն այն դեպքում երբ բաժանորդի հաշվեկշռին առկա է օրավարձի գանձման համար անհրաժեշտ՝ 83,33 կամ 150 դրամից ավել գումար:
Եթե հաշվեկշիռը քիչ է օրավարձի անհրաժեշտ գումարից, այն չի գանձվի, և ինտերնետի ծառայությունը չի տրամադրվի։ Միևնույն ժամանակ բաժանորդի հաշվեկշիռը կմնա դրական և բջջային կապի ծառայությունները չեն կասեցվի:
Ինտերնետ ծառայության տրամադրումը կվերականգնվի հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում, որպեսզի օրավարձի գանձումից հետո հաշվեկշիռը մնա դրական:
Վերոնշյալ փոփոխությունները կկատարվեն փուլերով սկսած սույն թվականի դեկտեմբերի 23–ից և կշարունակվեն մինչև 2016 թվականի փետրվարի 15–ը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-