USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ նախագահը Նյու Յորքում կմասնակցի ArmTech բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովի բացմանը

25.09.2014, 18:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի  Նյու Յորքում կայանալիք ArmTech բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովի բացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը Նյու Յորքում կմասնակցի ArmTech բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի  Նյու Յորքում կայանալիք ArmTech բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովի բացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Միջոցառումը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «TKP» համաժողովների կենտրոնում:

Նախատեսվում է, որ համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ երկրներից և այլ պետություններից:

Այս տարի համաժողովը կանցնի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» նշանաբանի ներքո: Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, որը ռազմավարական նշանակություն ունի հայկական տնտեսության համար, ներգրավել օտարերկրյա ներդրումներ, աջակցել միջազգային համագործակցությանը, բարձրացնել բարձր տեխնոլոգիաների հայկական ոլորտի ճանաչելիությունը գլոբալ աշխարհում:

Ամեն տարի ArmTech համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Համաժողովն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, ՀԲ-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Միջոցառման հովանավորներն են D-Link, Far և Cronimet ընկերությունները:

ArmTech-ը պարբերաբար անցկացվում է Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում: Առաջին համաժողովն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում: Վերջին համաժողովն անցկացվել է 2013 թ.-ի աշնանը Երևանում:-0-