Հայկական բուհերի ավելի քան հարյուր ուսանողներ կարող են կրթաթոշակներ ստանալ «ԱրմենՏել» ընկերությունից և Բրիտանական խորհրդից
25.11.2013,
17:32
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն Բրիտանական խորհրդի և Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հայտարարել է 2013-2014 ուսումնական տարվա հայկական բուհերի մոտ 120 ուսանողներին կրթաթոշակների տրամադրման Beeline Scholarship ծրագրի մեկնարկի մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն Բրիտանական խորհրդի և Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հայտարարել է 2013-2014 ուսումնական տարվա հայկական բուհերի մոտ 120 ուսանողներին կրթաթոշակների տրամադրման Beeline Scholarship ծրագրի մեկնարկի մասին։
«Հպարտությամբ հայտարարում եմ, որ այսօր մեր գործընկերների և աշխատակիցների հետ սկսում ենք Հայաստանի ապագային` մեր ուսանողների ապագային ուղղված ակցիա»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ըստ նրա` տվյալ ծրագիրն ընկերության քաղաքականության շարունակությունն է, որն ուղղված է օգնելու նրանց, ովքեր ցանկանում են իրենք կյանքը և Հայաստանի կյանքն ավելի լավը դարձնել։
Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հայտնեց, որ մրցույթին կարող են մասնակցել 38 պետական բուհերի վճարովի համակարգով սովորող 2-4–րդ կուրսեցի ուսանողներ։
Նրա խոսքով` հավակնորդների ընտրության գլխավոր պայմանը նրանց ստեղծարար մոտեցումն ու հետաքրքիր առաջարկությունների առկայությունն է այն մասին, թե ինչ նորամուծություններ են նրանք ցանկանում ներմուծել երկրի կյանքում, ընդհանուր առմամբ, իրենց մասնագիտության օգնությամբ։
«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնի միայն այն բուհի կամ ֆակուլտետի վրա, որտեղ սովորում են ծրագրի մասնակիցները։ Մեզ համար գլխավոր չափանիշը հետաքրքիր գաղափարներն ու ոչ ստանդարտ մոտեցումն են»,– ասաց Սարիբեկյանը։
Նա հայտնեց նաև, որ որպես անակնկալ Բրիտանական խորհրդից, Beeline կրթաթոշակ ստացած ուսանողներից մեկը կստանա Մեծ Բրիտանիայի ամառային դպրոցներից մեկում սովորելու հնարավորություն։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները պետք է Բրիտանական խորհրդին (կայքը`http://www.britishcouncil.am/ կամ նրանց Facebook–յան էջին https://www.facebook.com/BritishCouncilArmenia) ներկայացնեն «Ինչ փոփոխություններ եմ ես պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» թեմայով ծրագիր–առաջարկ հայերեն լեզվով։
Երկրորդ փուլում Հայաստանի կրթության և գիտության նախարարության, կրթության ոլորտի առաջատար փորձագետներից և միջազգային բիզնեսի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի 80-100 ուսանողների, ովքեր կարժանանան Beeline Scholarship կրթաթոշակի։ Կրթաթոշակի գումարը կտրամադրվի` ելնելով մեկ ուսումնական կիսամյակի ուսման վճարից։
«Այսօր մենք մեր բազմամյա գործընկերների կողմից նախաձեռնված հերթական միջոցառման մեկնարկի վկաներն ենք, ինչը մեզ հիանալի հնարավորություն է ընձեռում մրցութային տարբերակով կրթաթոշակներ ստանալ և որոշակիորեն մեղմել ուսման վարձը։ Կրթության և գիտության նախարարությունը միշտ ողջունել է ուսանողներին իրենց կրթական իրավունքը լավագույնս իրականացնելու հնարավորությանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,– նշեց ԿԳ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը։
Աշխատանքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 25–ը, իսկ մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2014 թվականի հունվարի վերջին։ Կազմակերպիչները միաժամանակ չեն բացառել, որ ծրագրի հաջողության դեպքում այն կարող է շարունակական լինել։ --0--