ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ուսումնական ութ տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության և նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով:
«Քսաներկու բուհի հետ գործակցության ընթացքում, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարել է ավելի քան 721մլն դրամի ներդրում՝ շուրջ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով: Ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեև արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլևս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված և ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող», – ասվում է տարածած հաղորդագրությունում:
«Բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներում՝ հաղթանակի իրենց ճանապարհին կարևոր համարելով ինչպես սեփական կամքն ու վճռականությունը, այնպես էլ աջակցող կազմակերպության դերը. նրանցից շատերը պատրաստ են առաջնորդվել հոգածության և պատասխանատվության այն օրինակով, որի դրական ազդեցության կրողն են դարձել իրենք: Ուսման վարձավճարների հատուցման ծրագրի նպատակը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումն ու սոցիալական անարդարության հաղթահարումն է», – նշում են ընկերությունից։
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։-0-