USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի անցկացմանը

30.05.2016, 13:14
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։

Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):

««Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը, և որն ամենակարևորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության և պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու և դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Կորեայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի մինչև 18 տարեկան 5 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին՝ դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, տեսնել Սևանը և այլն: 

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-