ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարգավորել է Հայաստանում ցանցի անսարքությունները
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կարգավորել է տվյալների փոխանցման ծառայության հետ կապված անսարքությունները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Տեխնիկական խնդրով պայմանավորված՝ ընկերության բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվել են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել», - հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրության համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` նախօրեին ժամը 18:00-ի դրությամբ խնդիրը վերացվել է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-