USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ՎիվաՍել-ՄՏՍ–ն օգնել է բարեկարգել երկու ընտանիքների տները Շիրակում ,

16.11.2017, 11:28
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել։
ՎիվաՍել-ՄՏՍ–ն օգնել է բարեկարգել երկու ընտանիքների տները Շիրակում ,

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։

Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել:

50 տարի առաջ կառուցված տունը ժամանակի ընթացքում խարխլվել և հիմնանորոգման կարիք ուներ: Ամիսներ առաջ, երբ կազմակերպությունների կամավորներն ընտանիքի հետ շինարարական աշխատանքներ էին կատարում, Սիմոնյանների՝ տարիների երազանքի իրականացումն սկսվել էր: Այսօր արդեն, ընտանիքի անդամները զգում են բարեկարգ տուն ունենալու բերկրանքը. անցյալում են կաթող տանիքն ու խոնավ պատերը, սանհանգույցի բացակայությունը և խոհանոցը փոխարինող բետոնապատ միջանցքը:

«Երջանիկ օր է մեզ համար, երբ հնարավորություն ունենք հյուրընկալելու այն մարդկանց, ովքեր իրականացրեցին մեր վաղեմի ու անիրականանալի թվացող երազանքը: Շատ բան հարկավոր չէ երջանիկ լինելու համար, սակայն երբեմն այդ քիչն էլ անհասանելի է լինում: Տան հետ կապված դժվարություններն այսօր անցյալում են, առօրյա բարդություններն արդեն չեն վախեցնում: Ամուր տանիքով ու տաք օջախում ոչ մի ձմեռ ու առօրյա հոգս սարսափելի չեն: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Էդուարդը:

Կազմակերպությունների վեց տարվա համատեղ ջանքերի շնորհիվ՝ բարեկարգ բնակարաններ, առողջ միջավայր և ապագայի նկատմամբ հավատ է ստեղծվել 150 ընտանիքի համար:

Նույն գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքի՝ Մկրտչյանների համար, օրը ևս տոնական էր։ 10 հոգուց բաղկացած ընտանիքը երջանիկ էր իր հարկի տակ ընդունելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ում անձնական ֆինանսավորմամբ վերջապես հնարավոր եղավ հիմնանորոգել կաթացող տանիքը:

«Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը հարկավոր է գնահատել երկու՝ տեսանելի հաջողության և մարդու հոգում կատարված փոփոխության տեսանկյունից: Այս մարդիկ, տարիների սպասումից հետո ձեռք են բերում բնակարան, ինչի կարևորությունը քննարկման ենթակա չէ: Առավել կարևոր ձեռքբերում է սեփական ուժերին հավատալու և ոտքերի վրա ամուր կանգնելու զգացողությունը: Տուն կառուցելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաև խնդիրները հաղթահարելու կամք և վճռականություն: Գործընկեր կառույցի հետ, տարիներ շարունակ ձգտում ենք մեր հայրենակիցներին փոխանցել այդ կամքն ու լավատեսությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր այցելությունը զուտ մշտադիտարկում չէ, այլ մեր ընտանիքների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու հնարավորություն, ինչը, շատ դեպքերում, բավական կարևոր հոգեբանական խնդիր է լուծում: Բնակարանաշինության մեջ ներդրում կատարելով, մենք ոչ միայն առողջ միջավայր, այլև ավելի լավ ապագայի հիմք ենք ստեղծում ընտանիքի անդամների համար»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 31 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն ՀՀ դրամի ներդրում:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-