USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

13.03.2018, 15:26
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ և փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի և միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

«Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարևոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլև պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-