ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կազմակերպվել է աուտիզմ ունեցող երեխաների լուսանկարների ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Աուտիզմի իրազեկման միամսյակի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնը» ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես։ Ցուցադրվել է 28 լուսանկար, որոնց հեղինակները աուտիզմ ունեցող երեխաներ են, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
2006 թվականից սկսած Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի կողմից աուտիզմով երեխաներին տրամադրվել են տարբեր ծառայություններ: 2007 թվականից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ:
2007-2016թթ տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնին հատկացրել է ավելի քան 151 մլն. դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար: ՎիվաՍել- ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ այդ ծրագրից օգտվում է 37 երեխա:
«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա: Արդյունքի հասնելու համար հարկավոր է պարզապես տիրապետել լիարժեք ինֆորմացիայի և համբերատար, հետևողական քայլերով հասնել արդյունքի: Այս երեխաներն ունեն աշխարհի հետ հաղորդակցվելու իրենց լեզուն: Ցուցադրված նկարներում նրանց ինքնարտահայտումն է՝ կոնկրետ ասելիքով: Անչափ կարևոր է այն ձեռբերումը, որն արձանագրում են մասնագետները: Երեխաների մոտ նկատվում է վարքի և մտավոր ունակությունների աճ, նրանք յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու նորմերը, պատրաստ են ընկերական կապեր ստեղծել: Արդեն իսկ կան հանրակրթական դպրոց հաճախողներ: Մեզ համար սա կարևոր ձեռքբերում է: Այս ծրագրով մենք մերժում ենք անտարբերությունը՝ ուղարկելով հստակ պատգամ. ամեն ինչի հիմքում հաղորդակցության լեզուն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք համարում ենք, որ մեր աշխատակազմը, շահառուները, ծնողները և համայնքը՝ գործընկերներ են՝ կարևոր առաքելություն իրականացնելու գործընթացում: Մենք նպաստավոր միջավայր ենք տրամադրում սովորելու համար ՝ խորապես համոզված լինելով, որ բոլոր շահառուներն անհատներ են և նրանց հարկավոր է մոտենալ՝ հարգելով նրանց անհատականությունը»,- ասել է ԵԶՄԿ հիմնադիր Այրա Պաուլ Հեյլվեյլը:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-