ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկություններն այժմ հասանելի են հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկություններn այժմ հասանելի են հանրությանը, նշում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
«Տվյալ տեղեկությունները հասանելի են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում», – նշում են ընկերությունից։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:–0–