USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել Բերդավանի երաժշտական դպրոցում

07.03.2018, 12:25
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում:
ՎիվաՍել-ՄՏՍ–ի աջակցությամբ արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել Բերդավանի երաժշտական դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:

«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն  է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակն այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է:

Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-