USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վայոց Ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

05.06.2017, 14:36
Վայոց Ձորի մարզում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Եղեգնաձորում նշեցին ամառային արձակուրդի սկիզբը
Վայոց Ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Վայոց Ձորի մարզում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Եղեգնաձորում նշեցին ամառային արձակուրդի սկիզբը:

Ucom ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, մարզային հանդիպման նպատակը նաև դպրոցականների համար շփման միջավայրի ստեղծումն էր ու առաջադրանքների ստուգատեսը: «Արմաթ» լաբորատորիաների սաներն իրենց հետ բերել էին դասընթացների շրջանակում եռաչափ տպիչներով ստեղծած իրերն ու ռոբոտները:

Միջոցառմանը ներկա էին նաև ԻՏՁՄ-ի, Ucom ընկերության աշխատակիցները, գործարար Անուշավան Աբրահամյանը և այլք:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ Վայոց Ձորում չկար ոչ մի խմբակ, իսկ այսօր մարզում գործում է արդեն 11 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա, որոնց սաները կներկայացնեն մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կատարած աշխատանքները:

Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանի խոսքով, արդեն երեք տարի է, ինչ Ucom ընկերությունը հետամուտ է լինում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմանը ՀՀ մարզերի դպրոցներում:

«Սիմվոլիկ ամառային օր է ընտրվել, երբ մենք պետք է երեխաների շրջանում կարևորենք ինժեներական կրթությունը և անենք ամեն ինչ ի նպաստ երեխաների զարգացմանը», – նշել է Բարսեղյանը։

Հավելենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Միությունը ՀՀ կառավարության և այլ դոնորների աջակցությամբ ծրագրում է ինժեներական ժամանակակից կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար: Այս պահին գործում է արդեն 200 «Արմաթ» խմբակ-լաբորատորիա, իսկ Ucom ընկերությունը հանդես է գալիս որպես այս կրթական ծրագրի խոշոր ներդրող: Ucom-ն արդեն իսկ հիմնել է մի քանի տասնյակ «Արմաթ» լաբորատորիաներ և ծրագրում է դրանց ընդհանուր թիվը հասցնել 70-ի:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-