USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Վարդահովիտ համայնքն ամբողջությամբ լուսավորված է FPWC–ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախագծի շնորհիվ

30.08.2017, 15:41
Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել FPWC–ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։
Վարդահովիտ համայնքն ամբողջությամբ լուսավորված է FPWC–ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախագծի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից տեղափոխված ընտանիքներ, արտաքին լուսավորության համակարգ երբևիցե չի եղել:

Այսուհետ Վարդահովիտի փողոցների լուսավորությունը կապահովեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակները։ Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գևորգյանը և բնակիչներ:

«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն նաև Վարդահովիտում, արտաքին լուսավորության LED համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգևորությունն է՛լ ավելի են քաջալերում մեզ և ապացուցում ծրագրի հիմքում ընկած սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-