ԻՏՁՄ–ն զորացրվող զինծառայողների տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր է իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը, հաղորդում է միության մամուլի ծառայությունը։
Ծրագրի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում աճող ակտիվությունը և մասնագետների պահանջարկը շուկայում՝ ծրագիրը միտված է լուծելու դասընթացն ավարտած անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց մեջ սերմանելու տեխնոլոգիական ձեռներեցության հմտություններ: Ներկայումս ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել
«ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Ծրագրի տևողությունը վեց ամիս է: Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ: Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաև սովորել ռոբոտաշինության սկզբուքները:
Վերը նշված լաբորատորիաներում առկա են եռաչափ տպիչ, շաղափային հաստոց, ռոբոտի հավաքածու և համակարգիչներ: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար:
Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Զինվորական կոմիսարիատը:
ԻՏՁՄ–ն հիմնադրվել է 2000 թ.–ին` ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։–0–