Թումոյի ամառային դպրոցը, Ռոստելեկոմի աջակցությամբ, հյուրընկալել է սահմանամերձ գյուղերի երեխաներին
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է Ամառային դպրոց, որի շրջանակում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ, հաղորդում է Ռոստելեկոմի մամուլի ծառայությունը։
2016թ. Ամառային դպրոցը մեկնարկել է հունիսի 20-ին և Խաչիկ գյուղից Ալբերտ և Արսեն Ենոքյանները հայաստանյան Ռոստելեկոմի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ հնարավորություն ստացան մասնակցելու և իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու «Թումո» կենտրոնում:
«Մեկշաբաթյա ծրագրի շրջանակում եղբայրները մասնակցեցին «Թումո» կենտրոնի Անիմացիայի և Վեբ ծրագրավորման դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ, կենդանաբանական այգի, անցկացրին սպորտային խաղերով ու տարաբնույթ ծրագրերով հագեցած օրեր և ավարտին ներկայացրին սեփական տեխնոլոգիական և անիմացիոն նախագծերը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրեցին, թե ինչպես 2D և 3D ձևաչափով կարող են ներկայացնել իրենց շուրջը եղած երևույթներն ու մարդկանց, կարճ պատմությունների ձևով ներկայացնեն իրենց գաղափարները՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash և Animation Desk ծրագրերը:
«Վեբ ծրագրավորման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձևավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 և CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Թումո» ստեղծարար կենտրոնի Ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն է տալիս հետազոտությունների համար՝ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:
Որպես արդյունք` դպրոցի սաները ծրագրի ավարտին կազմում են պրեզենտացիաներ և ներկայացնում սեփական ստեղծարար գաղափարներն ու նորույթները:
«Ռոստելեկոմի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակական բնույթ է կրելու՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–