«Թումո» կենտրոնի թիմը բրոնզե մեդալի է արժանացել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
Ինչպես հաղորդում է «Թումոյի» Facebook –յան պաշտոնական էջը, նախօրեին Հայաստանը ներկայացնող թիմը մրցել է 163 երկրների ներկաայցուցիչների հետ։
Մրցույթի ընթացքում «Թումոյի» երիտասարդ սաները, ցույց տալով հրաշալ արդյունքներ, հայտնվել են առաջատարների թվում և մրցակցային պայքարում զբաղեցրել են երրորդ տեղը` զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։
Թիմի կազմում ընդգրկվել են կենտրոնի 14-18 տարեկան սաները` Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
«Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ստեփանակերտում և Կողբում) անվճար սովորում են 12-18 տարեկան դեռահասներ ու երիտասարդներ։ Կենտրոնի նպատակն է հայ երիտասարդներին ծանոթացնել առաջատար տեխնոլոգիաներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել խորացված ուսումնասիրել նրանց հետաքրրքող ՏՏ ոլորտները։–0–