Տեղի ունեցավ Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ իրականացված «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ծրագրի արդյունքների ամփոփմանը զուգահեռ տեղի ունեցավ ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումներով և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիզայնով ստեղծված տպագիր գրքի շնորհանդեսը:
«Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագիրն անցկացվում էր ԳԱԿ-ի` «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակում: Այն նախատեսված էր բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ:
Հաղորդագրության համաձայն, ծրագրին մասնակցել են 2-10-րդ դասարանների ավելի քան 270 դպրոցականներ 16 դպրոցներից, ովքեր ցուցադրության շրջանակում ծանոթանացել են հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գրքարվեստին:
ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի խպոսքով, կենտրոնի` «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագիրը ստեղծագործական հարթակ դարձավ թե' ներգրավված ուսանողների, թե' մասնակից դպրոցականների համար՝ նպատակ ունենալով վերջիններիս ներկայացնել գրքի նկարազարդումը` որպես արվեստի տեսակ, խթանել սեր և գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժևորելով տպագիր գրքի կարևորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում:
««Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը, որի ձևավորումը հեղինակել են ներգրավված ուսանողները, ընդգրկում է գործնական պարապմունքների շրջանակում մասնակից դպրոցականների նկարազարդումները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական փորձը հասանելի դարձնելով արվեստասեր լայն հանրությանը: Շնորհակալ ենք Beeline-ին Կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակում շարունակական համագործակցության համար»,- մեկնաբանել է նա։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշել է, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։
«Բազմիցս անձամբ ականատես եմ եղել, թե ինչ խանդավառությամբ են երեխաները և նրանց ծնողները ստեղծում իրենց աշխատանքները, ինչը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Շատ տպավորված եմ ծրագրի մասնակից երեխաների նկարազարդումներով տպագրված գրքով և որոշել եմ իմ օրինակը նվիրել իմ երեխաներին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս հաղորդակից դառնան մեր մշակույթին», - նշել է նա:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-