USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոստելեկոմը Հայաստանում գործարկում է հեռահար ուսուցման դասընթացներ մարզային դպրոցների հետ

21.10.2016, 19:49
«Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։
Ռոստելեկոմը Հայաստանում գործարկում է հեռահար ուսուցման դասընթացներ մարզային դպրոցների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

«Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։

«Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանի և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի օգնությամբ իրականացվեց ինտեգրված դաս՝ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով։

«Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, և «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաև կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,- նշել է հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Դասի ընթացքում իրականացվեցին փորձ-ցուցադրություններ, իսկ հարց-քննարկումներն ապահովեցին երեխաների առավելագույն ներգրավվածությունը։

Ավարտին երեխաները լիմոնից և խնձորից պատրաստեցին հոսանքի աղբյուր ու մասնակցեցին ակտիվ հարց ու պատասխանին։

Դասընթացը սովորեցրեց աշակերտներին սահմանել էլեկտրական հոսանքը, ներկայացնել շղթաներում հաջորդական և զուգահեռ միացման հատկությունները, սահմանել իոնը և բացատրել դրա առաջացումը, ներկայացնել ատոմներում էլեկտրոնների կապի էներգիաների տարբերությունների կիրառությունը (կիտրոնի և քացախաթթվի էլեկտրահաղորդականության օրինակով), ինչպես նաև նկարագրել հոսանքի քիմիական աղբյուրները։ Հեռահար ուսուցման դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև շարունակական բնույթ են կրելու։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–