Ռոստելեկոմը Հայաստանում բացել է ուսանողների համար իր տվյալների կենտրոնը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «Ռոստելեկոմի» գրասենյակը հյուրընկալել է Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, ովքեր ծրագրով ուսումնասիրում են Cisco համակարգեր, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այցը մեկնարկել է «Ռոստելեկոմի» մասին կարճ էքսկուրսով, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են ընկերության հզորություններն ու ծառայությունները, այս թվում նաև` կորպորատիվ շուկայում, ինչպիսիք են վեբ կոնֆերանս տեսազանգը, վիրտուալ ցանցերը, IP տարանցումը, տվյալների հաղորդումը: Ուսանողները ծանոթացել են նաև ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայություններին, մասնավորապես, Սմարթ հեռուստատեսությանը, IP հեռախոսակապին, ինտերնետ հասանելիությանը, ընկերության ցանցի կառուցվածքին, ինչպես նաև իմացել են կարևոր մանրամասներ` հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում ամենադինամիկ զարգացող «Ռոստելեկոմ» ընկերության մասին։
Ուսանողներն այցելել են Juniper Networks, Cisco Systems, Extreme Networks, Fiber Home, ZTE և այլ ժամանակակից համակարգերով հագեցած դատա կենտրոն, տեղեկացել բոլոր նրբություններին ու սկզբունքներին, որով առաջնորդվում է ընկերությունը ցանցի կառուցման, շահագործման ու կառավարման հարցերում:
Այցի նպատակն էր ուսանողներին գործնական տեղեկատվություն տրամադրել լայն կիրառություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխանող գերժամանակակից համակարգերի և դրանց կիրառման հնարավորությունների մասին։
Հայաստանյան «Ռոստելեկոմի» և Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջև համագործակցությունը երկարատև և բազմակողմանի բնույթ է կրում՝ ընդգրկելով ուսանողներին կրթելու և ժամանակակից տեխնոլոգիաների գործնական իրազեկման հիմնական ուղղությունները։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–