USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռոստելեկոմն իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային նախագիծը

14.06.2016, 19:59
Ռոստելեկոմը, Corn Pop Cinema-ի հետ համատեղ, իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծն ընտանեկան հանգստի սիրահարների համար։
Ռոստելեկոմն իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմը, Corn Pop Cinema-ի հետ համատեղ, իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծն ընտանեկան հանգստի սիրահարների համար, երեքշաբթի հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։

Հունիսի 15-ից  ամեն օր (բացի երկուշաբթի օրերից) ընկերությունը բոլոր կինոսիրահարների համար կազմակերպում է բացօթյա կինոդիտումներ Երևանի սրտում՝ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ)։

Ռոստելեկոմի «Բացօթյա էկրան» նախագիծը հնարավորություն է ընձեռում վայելելու ամառային երեկոները ընկերների և ընտանիքի անդամների հետ՝ դիտելով համաշխարհային կինո և մուլտարտադրության վերջին նորույթները։

Նախագծի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին, ժամը 20։00-ին՝ շատերի կողմից արդեն իսկ սիրված «Зверополис» մուլտֆիլմի ցուցադրությամբ։

«Բացօթյա էկրան» նախագիծը ամռան ամիսներին ցուցադրություններ է նախատեսում նաև Կապան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան և Արմավիր քաղաքներում։

Առաջիկա ցուցադրության մասին տեղեկատվությունը (ցուցադրվելիք ֆիլմի անվանումը) կտեղադրվի ընկերության ֆեյսբուքյան էջում, և «Բացօթյա էկրան» նախագծին մասնակցել ցանկացողները կկարողանան նախապես տեղեկանալ ֆիլմերի մասին։

Ռոստելեկոմի բացօթյա կինոթատրոնի մուտքն անվճար է։

Ռոստելեկոմը Հայաստանում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսել է բարեգործական ցուցադրություններ կազմակերպել նաև մանկատների և խնամքի կենտրոնների սաների համար։ 

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–