USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոստելեկոմի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծի մասնակիցները կարող են համալրել ընկերության աշխատակազմը

19.07.2016, 15:40
Հուլիսի 19-ին ամփոփվեցին Ռոստելեկոմի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծի արդյունքները:
Ռոստելեկոմի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծի մասնակիցները կարող են համալրել ընկերության աշխատակազմը

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 19-ին ամփոփվեցին Ռոստելեկոմի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծի արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, մրցութային փուլում հաղթող մասնակցին առաջարկվել է եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմի»՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում` համալրել ընկերության անձնակազմի շարքերը:

Բացի այդ, ստեղծագործ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներներից շատերին ևս ընձեռվեց հնարավորություն միանալու Ռոստելեկոմի անձնակազմին։

Նախագծի շրջանակում, ուսանողները, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանը` անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։

Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացել են ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին, անցել ինտերակտիվ ուսուցում ամենատարբեր թեմաներով՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական հարցերից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ:

Ընդ որում, ուսանողներն առաջարկներ են ներկայացրել «Ռոստելեկոմի» գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցել են մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերել նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ` հայաստանյան «Ռոստելեկոմի» անձնակազմի շրջանում, նշվում է հաղորդագրության մեջ:

Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին հավաստագրեր են շնորհվել։

«Իմ խորին համոզմամբ ուսանողներից են ձևավորվում բարձրակարգ կադրերն ու անձնակազմը, իսկ բանիմաց դառնում են փորձառության և գործնական գիտելիքների միջոցով։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային և խոշոր ընկերություններում աշխատանքի մասին, ինչը, համոզված եմ, նրանց հետագա աշխատանքում շատ կիրառելի կլինի։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մասնակիցներից արդեն իսկ 5 ուսանողներ աշխատանքի են անցել հայաստանյան «Ռոստելեկոմի» ամենատարբեր ստորաբաժանումներում», – նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նախագիծը միավորել էր 7 բուհերի` Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Հայսատանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 20 ուսանողների։

Նախագծին կարող էին մասնակցել ուսանողներ ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից, ինչպես նաև մագիստրատուրայից: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է երկրորդ անգամ, և ընտրությունն իրականացվում է մասնակցել ցանկացող մեծաթիվ ուսանողների շրջանում։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–