«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի միասնական ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս մեկ ընտանիքի աջակցեցին կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Տավուշի մարզում բնակվող չորս զավակների ծնողներ՝ Վարդանի և Ալինայի ընտանիքին:
«Վարդանը բավականին հմուտ վարսավիր է, պարզապես հարևան թաղամասում բացված նոր ու ժամանակակից վարսավիրանոցը մրցակցություն է ստեղծել: Վարդանը վստահ է, որ եթե հնարավորություն ստեղծվի վերազինելու իր վարսավիրանոցը, ապա նա կշարունակի ունենալ մշտական հաճախորդներ և կայուն եկամուտ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փոքրիկ փայտերից ու թիթեղից պատրաստված ինքնաշեն վարսավիրանոցի վարպետի ընտանիքի ապրուստի միջոցներն են ընտանեկան նպաստը և հաշմանդամության թոշակը, որոնք միասին կազմում են 50 000 դրամ:
Ընտանեկան բյուջեի կեսից ավելին ծախսվում է նրա դստրերից մեկի առողջական խնդիրները լուծելու համար: Այդ առողջական խնդիրների հետևանքով է, որ երեխան դարձել է ինքնամփոփ ու քիչ է շփվում հասակակիցների հետ:
«Մնացած գումարը բավարար չէ, որպեսզի Վարդանն ու Ալինան հնարավորություն ունենան հոգալու իրենց բոլոր երեխաների նույնիսկ հիմնական կարիքները: Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, ոչ բարվոք վիճակում է. անձրևներից տանիքը կաթկթում է և փլուզման վտանգի տակ է», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակում, հաշվի առնելով Վարդանի վարսավիրական հմտությունները, նրան տրամադրվել է մասնագիտական գույք և գործիքներ՝ վարսավիրական արհեստանոցը վերանորոգելու համար, ինչպես նաև շինանյութ՝ իրենց տան տանիքի վերանորոգման համար: Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց չորս զավակների առաջնային կարիքները և պահպանել ընտանիքի միասնականությունը:
«Մենք անչափ շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին, ովքեր յուրաքանչյուր ամիս մասնակցելով SMS-բարեգործությանը, հնարավորություն են ընձեռում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ևս մի ընտանիքի ունենալ կայուն եկամուտի աղբյուր ու նրանց զավակներին պարգևել այդքան կարևոր ու այդքան անհրաժեշտ ընտանեկան ջերմությունը», - ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
«Մենք կարևորում ենք այն, որ երեխաները իրենց ընտանիքներում վայելեն իրենց ծնողների խնամքն ու հոգածությունը, իսկ ծնողները կարողանան բարելավել իրենց երեխաների կենսապայմանները ու իրենց ուժերով ստեղծեն ավելի լավ ապագա», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ –0–