USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» Ucom–ի վեցամսյա ծրագիրը

07.02.2017, 17:21
«Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր` համացանցի ապահով օգտագործման վերաբերյալ:
Մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» Ucom–ի վեցամսյա ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Հաղորդագրության համաձայն, Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր` համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ:

Բացի այդ, կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է նաև երկու հանրապետական մրցույթների կազմակերպում: Մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները, իսկ յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրել թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագիրն այս տարի կներառի նոր կրթական բաղադրիչ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, որի ամենավառ օրինակներից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Այդ լաբորատորիաների սաները սովորում են ամենակարևորը՝ ստեղծելը, ոչ թե սպառելը: Համոզված եմ, որ ստեղծարար ուղեղն ավելի արագ է գիտակցում ու սերտում համացանցում ապահովության բանալիները: Երեխաներին ու նրանց ծնողներին կոչ եմ անում լինել առավել պատասխանատու ու միշտ մտապահել այդ պարզագույն տեղեկատվությունը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Ինչպես նշել է «Մեդիակրթության կենտրոն»-ի տնօրեն Հայկազ Բաղյանը, ցանկալի է, որ երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային սովորություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները, սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումներն իրենց նախընտրած խաղերում, հավելվածներում կամ գործիքներում:

«Հորդորենք երեխաներին մտածել գործելուց առաջ, զգուշանալ այնպիսի կայքերից կամ հաղորդագրություններից, որոնք կոչ են անում գործելու անմիջապես, առաջարկում են չափազանց գրավիչ բաներ կամ հայցում են անձնական բնույթի տեղեկություններ: Երեխաները պետք է սովորեն ուշադիր լինել յուրաքանչյուր կոճակը սեղմելիս և գիտակցեն, որ իրենց գործողությունները կարող են ունենան դրական կամ բացասական ազդեցություն այլ մարդկանց վրա», - նշել է նա:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ www.safe.am կայքում տեղադրված են հայերեն լեզվով անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ` ցանցից ապահով օգտվելու համար:

Ընկերությունից հիշեցնում են, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից` յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-