USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Վայոց Ձորի մարզի շուրջ 1800 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացավ

01.07.2016, 15:41
Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները:
«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Վայոց Ձորի մարզի շուրջ 1800 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացավ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները:

«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Վայոց Ձորում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, մարզի դպրոցներում անցկացվել են ակնային զննումներ, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։ 

Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց Ձորի մարզ են այցելել Հայկական ակնաբուժության նախագծի և «Ucom» հիմնադրամի ղեկավարությունը:

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է աշխատում Աչքի շարժական հիվանդանոցը: Երկու օր առաջ այստեղ վիրահատված հիվանդի վիճակը նույնքան գոհացուցիչ է, որքան այն հիվանդներինը, ում վիրահատում ենք ԱՄՆ-ում՝ այնտեղի սարքավորումներով», - նշել է ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ով Հայաստանում է ՀԱՆ բժշկական 52-րդ առաքելության շրջանակում:

Նա նաև նշել է, որ շտ ուրախ եմ, որ «Ucom»-ի հետ գործակցության շնորհիվ կարողանում է Հայաստանի տարբեր համայնքներում բնակիչներին ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցել:

«Ucom Հիմնադրամը հպարտությամբ է աջակցում մի նախագծի, որի շրջանակներում հայերի առողջությունը գործնականում բարելավվում է: Այսօր վիրահատված տասնյակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ ուղղակի հիանում էի նրանց լավատեսությամբ ու այն խոսքերով, որ իրենք շռայլում են բժիշկներին և մյուս հիվանդներին ոգեշնչելու համար», - նշել է «Ucom» հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

«Իրապես շատ կարևոր է այս աշխատանքը, որ իրականացնում ենք համատեղ ուժերով: Հաճելի է մարդկանցից լսել բազմաթիվ մաղթանքներ և շնորհակալական խոսքեր, և կանենք ամեն հնարավորը, որպեսզի ծրագիրը շարունակի գործել նույնքան արդյունավետ», - ասել է ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Վայոց Ձորի մարզում ակնային ստուգում է անցել շուրջ 1000 երեխա և 800 մեծահասակ, նրանցից 400 մեծահասակ խորացված հետազոտություն է անցել Աչքի շարժական հիվանդանոցում, շուրջ 150 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել, ծրագրի շրջանակում ևս 150 հոգու ակնոց է տրամադրվել:

«Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն աշնանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ –0–