USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

22.09.2016, 13:16
Հայկական ակնաբուժության նախագծի և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում։
«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում, հաղորդում է  Ucom–ի մամուլի ծառայությունը։

«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում մարզում իրականացվել են ակնային զննումներ, այժմ Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները և աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:

Աչքի շարժական հիվանդանոցի հարյուրավոր այցելուներից մեկը՝ Կապանի բնակիչ Արմեն Ղազարյանը, ակնային մի շարք խնդիրների պատճառով գրեթե զրկվել է տեսողությունից:

«Գրեթե կույր եմ, տեսողությունն ինձ համար չափազանց կարևոր է, սակայն ավելի ոգևորիչ է տեսնել՝ ինչպես է հայը հայի մասին հոգ տանում: Մարդկային այդ վերաբերմունքից շատ զգացված եմ և շնորհակալ բարի գործ կատարողներին», - ասաց Արմեն Ղազարյանը:

Մեկ այլ այցելու՝ արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկի ծնող Շմավոն Դադայանը, նույնպես կվիրահատվի Աչքի շարժական հիվանդանոցում:

«Որդուս զոհվելուց հետո կինս էլ մահացավ, այժմ միայնակ եմ ապրում: Այգեգործական փոքրիկ աշխատանքներ եմ անում՝ որքան ուժս պատում է: Անչափ շնորհակալ եմ բոլորից, ովքեր մեզ ձեռք են մեկնում», - ասաց նա:

Ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի և«Ucom» Հիմնադրամի ղեկավարները:

«Սյունիքի մարզում Աչքի շարժական հիվանդանոցում արդեն վիրահատվել է հարյուրից ավելի մարդ, աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Այստեղ աշխատանքները կավարտենք հոկտեմբերի կեսերին: Լիահույս եմ, որ Հայկական ակնաբուժության նախագծի և «Ucom» Հիմնադրամի համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի՝ ակնային խնդրներ ունեցող մեր հայրենակիցներին հնարավորություն տալով օգտվել ակնաբուժական անվճար ծառայություններից», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Երեք մարզերում այս ծրագիրն իրականացնելուց հետո ոգեշնչված ենք այն մարդկանց արձագանքներից, ում աչքի լույսը վերադարձել է: Ucom Հիմնադրամը ջանք չի խնայի, որպեսզի ծրագիրը շարունակական բնույթ կրի և հասանելի լինի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող սոցիալապես խոցելի անձանց: Շուտով կայցելենք Արմավիրի մարզ, որի բնակիչները նույնպես հնարավորություն կունենան անվճար օգտվելու ժամանակակից ակնաբուժական ծառայություններից», - ասաց «Ucom» Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում ակնային ստուգում կանցնի շուրջ 1500 մեծահասակ և 900 դպրոցական, Աչքի շարժական հիվանդանոցում ակնային խորացված զննում կանցնի շուրջ 450 հոգի, որոնցից 130-ը կվիրահատվի կամ լազերային բուժում կստանա: Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Արմավիրի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։

Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։-0-