Հայաստանը առաջին անգամ կմասնակցի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այս տարի Հայաստանը առաջին անգամ կմասնակցի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային` ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Այբ» կրթական հիմնադրամից, որը մրցույթի ազգային փուլի կազմակերպիչն է:
«Արդեն իսկ առաջին տարում մրցույթին կմասնակցի Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 8-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա օլիմպիադայի ազգային փուլը, որի հաղթող թիմը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։
«Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության տվյալներով, մրցույթը նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ հնարավորություն՝ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով ընդարձակելու իրենց մտահորիզոնը։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։
«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը, հովանավորը` «Creative Educational Technologies» (CET) ընկերությունը, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։ -0-