USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում դյուրացվել է առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը

21.12.2015, 11:59
ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։
Հայաստանում դյուրացվել է առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես նշել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, օրենքով ժամանակին խստացվել էր հեղինակային իրավունքների պաշտպանությունը առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու միջոցով։

«Սակայն փորձը ցույց է տվել, որ այդ օրենքի ոչ բոլոր դրույթներն են գործնականում կիրառվում, օրինակ, նախատեսված էր, որ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը` տրամադրելով հեղինակային արտադրանքի իրացման համապատասխան արտոնագրեր, ինչը նպատակահարմար չէ, քանի որ իրենց իրավունքները պետք է պաշտպանեն արտադրանքի հեղինակները», – ասաց Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ ինտերնետի զարգացման և վերջինիս ներթափանցման մակարդակի ավելացման պայմաններում անիմաստ է իրականացնել նման վերահսկողություն շուկայում, որն առանց այդ էլ աստիճանաբար «մահանում է»։

Ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, խմբակցությունը դեմ է օրինագծին, քանի որ այն ժամանակին ընդունվել է հեղինակային իրավունքները պաշտպանելու համար, ինչը բավականին ակտուալ է Հայաստանի համար։

«Առաջարկվող փոփոխությունը` օրենքի չեղյալ հայտարարումը, նշանակում է հետընթաց հեղինակային իրավունքների պաշտպանության գործընթացներում, ինչն անընդունելի է մեր խմբակցության համար», – ասաց Մինասյանը։

Առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2013 թ.–ի ապրիլի 18–ին։–0–