USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը

01.09.2016, 18:18
ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է կոմերցիոն տնօրենի պաշտոնում Հայկ Կարապետյանի նշանակման մասին:
Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կոմերցիոն տնօրենի պաշտոնում Հայկ Կարապետյանի նշանակման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կարապետյանը կփոխարինի Արթուր Գրիգորյանին, ով ընկերությունում ղեկավարել է տվյալ ուղղությունը վերջին երկու տարիների ընթացքում։

Հայկ Կարապետյանն ավելի քան 10 տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, մասնավորապես ֆինանսական ծառայությունների, դիստրիբուցիայի ուղիների զարգացման և IT ուղղվածություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններում։

«Ողջունում եմ Հայկին մեր ընկերությունում, հաջողություն եմ մաղթում նրան և կոմերցիոն տնօրինության ողջ թիմին կապի ծառայությունների շուկայում մեր դիրքերի ամրապնդման հարցում։ Թվային տրանսֆորմացիայի ընթացքում մենք պլանավորում ենք մշակել նոր ինովացիոն լուծումներ, որոնք մեր ծառայությունները կդարձնեն ավելի պարզ և հարմար։ Համոզված եմ, որ Հայկի գիտելիքները և փորձը մեզ կօգնեն առավել արդյունավետ իրականացնել ընկերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ուրախ եմ միանալ Հայաստանում Beeline-ի թիմին և ղեկավարել երկրում խոշորագույն օպերատորի կարևորագույն բաժիններից մեկը։ Շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը շարունակաբար փորձում է կատարելագործվել և դառնալ ավելի նորարար բոլոր բնագավառներում։ Հավատացած եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված նոր ծառայությունների ստեղծմանը և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշել է Հայկ Կարապետյանը։

Հայկ Կարապետյանը բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում «ՏՏ և հեռահաղորդակցություն» մասնագիտությամբ: Հայկն իրականացրել է ֆինանսական և հեռահար ծառայությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնք կիրառվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-