USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է. վարչապետ

23.06.2016, 11:27
Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է, նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է, նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.4 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս հետևողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը», – հայտարարել է Աբրահամյանը «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովի ընթացքում։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը, մասնավորապես`ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացումը։

«Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը ետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից: Իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում այս ոլորտը, օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է նաև տեխնոլոգիական զարգացման կենտրոն», – նշել է Աբրահամյանը։ 

Վարչապետի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, և վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց:

«Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

2015 թ.–ի արդյունքի համաձայն` ՏՏ ոլորտի աճը Հայաստանում կազմել է 17 տոկոս, ոլորտի ընդհանուր շրջանառությունը` 550 մլն դոլար։ Այս ոլորտում գործում է ավելի քան 450 ընկերություն և աշխատում է մոտ 13 հազար մասնագետ։ –0–