Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի սակագինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 12 հոլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի սակագինը կնվազի, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ սակագների նվազման շուրջ, ինչի կապակցությամբ նախատեսվում է, որ շուտով համաձայնագիր կստորագրվի ռոմինգի սակագների նվազման մասին», – ասաց Մարտիրոսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ դեռբանակցությունների փուլում VivaCell-MTS հայկական բջջային օպերատորն ու նրա ռուսական մայր ընկերությունը` ՄՏՍ–ը, արդեն նվազեցրել են ռոմինգը` հասցնելով 25 դրամի։
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ռոմինգի վերացման մասին դեռ խոսք չկա։ Միաժամանակ նախարարը ձեռնպահ մնաց և չնշեց նվազեցված սակագինը։
Նա նաև չբացառեց այն բանի հավանականությունը, որ ԵՏՄ–ի շրջանակում երկրների միջև կարող է վերացվել ռոմինգը` նշելով միայն, որ դա ժամանակի հարց է։ Նա նաև հիշեցրեց, որ ռոմինգի գներն արդեն նվազել են ԵՏՄ երկրների շրջանակում։
Հայկական շուկայում գործում են բջջային կապի 3 օպերատոր` «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), ՎիվաՍել-ՄՏՍ–ը («MTS Արմենիա» ՓԲԸ) և Ucom–ը (Universal Communications)։–0–