«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունն ապահովել է անխափան և որակյալ ինտերնետ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կայուն և անխափան աշխատանքը, հանդիսանալով երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, մեծապես կարևորվում է հատկապես կարևոր բազմամարդ զանգվածային միջոցառումների ժամանակ:
Հայաստանում ինտերնետի գլխավոր մատակարարներից մեկը, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ ողջ տարածքը ապահովում է գերարագ ինտերնետ կապով՝ հիմքում ունենալով նորագույն օպտիկական ցանցն ու տեխնոլոգիական լուծումները, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է («Ռոստելեկոմ» Հայաստան), հաղորդում է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության մամուլի ծառայությունը։
Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ընկերությունն ապահովել է կայուն և որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետևել իրադարձություններին և նորություններին։
Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների և հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի դիտելու և տեղեկանալու նորություններին գերարագ ինտերնետի միջոցով:
«Ընկերության տվյալների կենտրոնում արդեն շուրջ հինգ տարի է տեղակայված են համաշխարհային բովանդակություն տրամադրող ընկերությունների՝ Google (այդ թվում նաև Youtube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017թ.-ից նաև Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache), ինչը նշանակում է, որ այս ռեսուրսների բովանդակությունը տեղակայվում է Հայաստանում՝ ընկերության ցանցից օգտվող յուրաքանչյուր բնակչի հնարավորություն տալով մի քանի անգամ ավելի արագ ստանալու այդ ռեսուրսներում շրջանառվող նյութերը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերության համապատասխան ստորաբաժանումները՝ հատկապես տեխնիկական անձնակազմը, այս օրերին աշխատել է ուժեղացված 24/7 ռեժիմով, որպեսզի ցանցը շարունակի իր բնականոն անխափան աշխատանքը և բոլոր օգտատերերը օգտնվեն որակյալ կապից:
«Տարիներ շարունակ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը խորքային և տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարևորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի գների շեշտակի անկմանը և արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից և հարակից ծառայություններից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին ոլորտում առկա զարգացումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել և՛ ծառայությունների, և՛ սպասարկման որակով, և՛ ցանկացած իրավիճակում կայունությամբ ու վստահության պահպանմամբ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ամենի հետևում կանգնած է մեր պրոֆեսիոնալ թիմի՝ մեզանից յուրաքանչյուրի շարունակական ու նվիրված աշխատանքը։ Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը փաստում է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս օրերին ակտիվ կերպով որոշում են կայացրել միանալ և օգտվել մեր ծառայություններից»,— նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Կառույցի ղեկավարը հավելեց նաև, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, առաջնայինը շարունակում են մնալ ընկերության բաժանորդների պահանջմունքներն ու առաջարկները, և իրենց ողջ թիմի ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների շուրջօրյա տրամադրմանը։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–