ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավոր Ucom-ը ներկայացավ մի շարք նորարարություններով
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 13-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսի պլատինե հովանավոր Ucom ընկերությունը ցուցադրել և զանգվածային շուկայի համար հասանելի է դարձրել այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց նախագծային տարբերակները ներկայացրել էր նախորդ տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։
Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները և այլն:
Այս տարի Ucom-ը հանդես է եկել հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ իր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:
Ավելին, աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել և վերլուծել է 2017 թվականին Հայաստանում շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Այդ արդյունքների հիման վրա Ookla-ն Ucom ընկերությանն է շնորհել «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը, ինչի մասին այսօր՝ DigiTec 2017-ի բացմանը հայտարարեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«2016-2017թթ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Այսօր գոհունակությամբ ու հպարտությամբ փաստում ենք, որ Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում, այլև ամենաարագը: Նման արդյունքների մասին միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղեկանալը կարևոր է ու պարտավորեցնող մեր ողջ թիմի համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0–