USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Անկարայում նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծին

23.10.2015, 17:55
Ավելի քան 20 հայ և թուրք ուսանողներ և երիտասարդ ձեռներեցներ կմասնակցեն Թուրքիայում իրականացվող «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին։
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Անկարայում նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 20 հայ և թուրք ուսանողներ և երիտասարդ ձեռներեցներ կմասնակցեն Թուրքիայում իրականացվող «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին, հաղորդում է Հանրային լրագրության ակումբը։

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում կանցկացվի քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին։

Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված կլինի մեկ փուլի, այն է՝ Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր, Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում։

Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերն ու անհատ մասնակիցները հնարավորություն կունենան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացնել փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անցկացվելու է թուրքական Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը,Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը կաջակցեն նախագծի աշխատանքներին Հայաստանում։ Նախագիծը 2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակությունն է, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում։–0–