ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։
ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում:
ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետևյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումները՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «ՍԻԼ Ինշուրանս»:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել +374 93 297444 կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար անվճար թեժ գիծ` 444 հեռախոսահամարներով, հաղորդակցվել ՝ գրելով help@mobidram.am էլ. հասցեին կամ այցելելՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-