USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 42 LED լուսարձակ է տեղադրվել սահմանամերձ Կոթիում

09.08.2019, 14:10
Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում լուծվել է փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ  42 LED լուսարձակ է տեղադրվել սահմանամերձ Կոթիում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում լուծվել է փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքներով լուսավորվել է հակառակորդի նշանառության տակ պարբերաբար հայտնվող մի ամբողջ թաղամաս` շուրջ 1600 մ երկարությամբ տարածություն: Տեղակայվել է 42 LED լուսարձակ:

Ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։

Ծրագրի իրականացնումը կարևոր էր սահմանապահ գյուղի բնակիչների անվտանգության համար, քանի որ Կոթին պարբերաբար թիրախավորվել է հակառակորդի կողմից: Բնակիչների հիշողության մեջ դեռ թարմ է վերջին՝ 2018թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած գնդակոծությունը, որի հետևանքով վիրավորվել էր համագյուղացիներից մեկը: Լուսավորված թաղամասը յուրօրինակ ուղերձ է հակառակորդին. գյուղն ապրում է և շարունակելու է զարգանալ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները:

«Սահման պահող գյուղի համար լուսավորությունը շքեղ տեսք հաղորդելու խնդիր չի լուծում: Այն անհրաժեշտություն է՝ անվտանգության համար, կարևոր է՝ զինվորի ամուր թիկունքն ապահովելու համար: Կա նաև ոչ պակաս կարևոր նպատակ, որը փորձում ենք իրականացնել այս ծրագրով. օրվա հացը քարից քամող գյուղացի մարդը պիտի զգա, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ: Փորձում ենք փոխանցել այդ հավատը: Թվում է, թե դա սովորական վերաբերմունք է, սակայն մարդիկ ավելի վստահ են լինում իրենց նկատմամբ դրսևորված ուշադրությունից: Երկիր շենացնելը պատվաբեր է, իսկ միասին դրա համար աշխատելը՝ անհրաժեշտ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի շրջանակներում գործակցող կողմերի համար կարևորագույն առաջնահերթություն է համայնքային զարգացումը: Իսկ բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումն արդյունավետ՝ տնտեսապես: Այն զգալիորեն կկրճատի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

LED լամպերն ունեն նաև այլ առավելություն. Դրանք ավելի արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-