«ԱրմենՏելը» Դիլիջանում և ծայրամասերում զգալիորեն ընդլայնել է 3G ցանցի ծածկույթի մակերեսը և որակը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) վերջերս Դիլիջան քաղաքում 3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնել է գրեթե 30 ք կիլոմետրով, իսկ ծածկույթի որակը՝ երեք անգամ:
«ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և արագության հնարավորությունները:
«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց, որ բացի հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչներից, ընկերությունը թեստավորման ընթացքին հետևելու համար հրավիրել է նաև Հայաստանի սպառողների պաշտպանության իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Վերջիններս սակայն չեն կարողացել գալ, որպեսզի մամլո–շրջագայության մնացած մասնակիցների հետ թեստավորեն Դիլիջանի կապի որակը։ «Մենք կարծում ենք, որ որպես թափանցիկ, բաց ընկերություն` մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր գործում և մեր կապի որակ ցուցադրենք անկախ դիտորդներին, ովքեր տվյալ պահին լրագրողներն են»,– ասաց Բեղլոյանը։
Մամլո–շրջագայության ընթացքում ընկերության մասնագետները լրագրողներին են ցուցադրել երրորդ սերնդի Beeline ցանցի ծածկույթի քարտեզը և արագության հնարավորությունները, որից հետո ընկերության ներկայացուցիչներին և հայկական լրատվության դաշտին հնարավորություն էր ընձեռվել իրենց սեփական սմարթֆոնների և պլանշետների օգնությամբ ինքնուրույն չափումներ անցկացնել։
Այսպես, Դիլիջան տանող թունելից դուրս գալուց ներկաների սարքերը 2,3 ՄԲ/վ մակարդակում 3G ինտերնետի արագություն ցույց տվեցին, և քաղաքին մոտենալիս այն աստիճանաբար աճում էր։ Արդեն քաղաքի կենտրոնում արագությունը հասել էր 2,5 ՄԲ/վ, ընդ որում ներբեռնման արագությունն ավելացավ` 0,38–ից հասնելով 1,27 ՄԲ/վ–ի։ Մասնագետները պարզաբանեցին, որ անմիջապես մի քանի սարքերի միջոցով ինտերնետի արագությունը չափելիս, ինչպես դա տեղի ունեցավ թեստավորման պահին, հնարավոր է դրա նվազում։
Այսպիսով, ընկերությունը Դիլիջանում և մոտակա համայնքերում` անգամ մինչև Թեղուտ, երրորդ սերնդի ցանցի 100%-ծածկույթ ապահովեց։
«Ընթացիկ տարվա հոկտեմբերին մենք հայտարարեցինք Դիլիջանում և արվարձաններում մեր ցանցի լայնածավալ վերազինման մեկնարկի մասին։ Մեզ համար հատկապես կարևոր է այստեղի կապը, քանի որ Դիլիջանն այն քաղաքն է, որտեղ գտնվում են տարբեր ռազմավարական օբյեկտներ, և մեծ ենթակառուցվածք է ստեղծվում»,– ասաց Բեղլոյանը։
Ինչպես նշեց Բեղլոյանը, ցանցի արդիականացման շրջանակում «ԱրմենՏել« ընկերության կողմից մի քանի բազային կայաններ են տեղադրվել և տեխնիկական պարամետրերի վերակոնֆիգուրացիա է իրականացվել, որի շնորհիվ հաջողվեց անխափան կապ ապահովել։ Կայուն բջջային ինտերնետը չի իջնում 2 ՄԲ/վ ցածր` նույնիսկ ամենաբարդ ոլորաններում, իսկ քաղաքի կենտրոնում հասնում է նույնիսկ մինչև 4 ՄԲ/վ։
Բացի այդ, «ԱրմենՏելի» PR–բաժնի ղեկավարը նշեց, որ աշխատանքներն ավարտվել են այն հաշվարկով, որպեսզի ձմեռային արձակուրդների նախաշեմին Դիլիջանն ապահովվի 3G որակյալ ծածկույթով և հանգստացողներին առավելագույն հարմարավետություն տրամադրի` Beeline կապի ժամանակակից ծառայություններից օգտվելիս։
Նա տեղեկացրեց նաև, որ ընկերությունը ցանցի ընդլայնման աշխատանք է անցկացնում նաև Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում։ «Մենք առաջիկայում կհայտարարենք Կոտայքում, տուրիստական վայրերում և հիմնական հանրապետական մայրուղիներում ցանցն ընդլայնելու մասին»,– ասաց Բեղլոյանը` ավելացնելով, որ անցած երկու ամիսների ընթացքում ընկերությունը հանրապետության առանձին շրջաններում բազային կայաններ տեղադրեց` մասնավորապես Վրաստանի և ԼՂՀ–ի հետ սահմանին և աշխատանքները կշարունակվեն արդեն հաջորդ տարվա գարնանը։
Վերջերս ավարտվեցին Սյունիքի մարզի Խնածախ և Վաղատուր համայնքների ցանցի բարելավման աշխատանքները, այս տարվա հոկտեմբեր ամսին Beeline 3G ցանցը գործարկվեց Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում։
Ըստ Բեղլոյանի` ընկերությունը ծառայությունը բարելավելու քաղաքականություն է անցկացում, որը ներառում է ցանցի որակի բարելավում, տեխնիկական վերազինում և Հայաստանի բոլոր մարզերում գերարագ ինտերնետի տրամադրման պայմանների ստեղծում, այդ թվում այնտեղ, որտեղ դա առավել անհրաժեշտ է։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–