USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ավելի քան 2,25 հազար մասնակից ունի «BarCamp Yerevan-2015» 7-րդ համաժողովը

30.05.2015, 17:50
Ավելի քան 2,25 հազար մարդ է մասնակում   «BarCamp Yerevan-2015» 7-րդ համաժողովին, որը մեկնարկել է շաբաթ օրը Երևանում, բացման արարողության ժամանակ տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ավելի քան 2,25 հազար մասնակից ունի «BarCamp Yerevan-2015» 7-րդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 30  մայիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 2,25 հազար մարդ է մասնակում   «BarCamp Yerevan-2015» 7-րդ համաժողովին, որը մեկնարկել է շաբաթ օրը Երևանում, բացման արարողության ժամանակ տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Չէի սպասում, որ միջոցառումը նման մեծ հետաքրքրություն կառաջացնի հասարակության շրջանում, այս տարի բոլոր լսարանները լեփ-լեցուն են, իսկ որոշ տեղերում անգամ հերթեր են գոյացել: Այս ամենը վկայում է այն մասին, որ ՏՏ ոլորտը մեծ թափով տարածվում է երիտասարդ սերնդի շրջանում», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Նա ավելացրեց, որ երկօրյա միջոցառումը հնարավորություն է տալիս մասնակիցներին հաստատել նոր օգտակար ծանոթություններ` միավորելով ոլորտի մասնագետներին: 

««BarCamp Yerevan-2015»-ը հետաքրքիր միջավայր է, որն օգնում է ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը, ինչպես նաև պայմաններ է ստեղծում մասնագետների հմտությունները ներկայացնելու համար», - նշեց Մարտիրոսյանը:

Նա ավելացրեց, որ «BarCamp Yerevan 2015»-ի շրջանակներում վարպետության դասընթացներ կկազմակերպեն «Մեդուզա» հայտնի ռուսալեզու տեղեկատվական պորտալի խմբագիր Ալեքսանդր Պոլիվանովը, «Դոժդ» ռուսական ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Ելենա Կիրյուշինան, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հայ փորձագետները:

«Այս տարի մենք որոշեցինք բարելավել BarCamp-ի տեխնիկական մասը, քանի որ նախորդ միջոցառումների ժամանակ հիմնական շեշտը դրվել էր մեդիա ոլորտի վրա, և դա որոշակի դժգոհություն է առաջացրել BarCamp-ին մասնակցող ծրագրավորողների շրջանում: Այս տարի մենք փորձեցինք հավասարակշռություն պահպանել», - ընդգծեց Մարտիրոսյանը:

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ 

Առաջին BarCamp–ը նախկին Խորհրդային միության տարածքում անցկացվել է 2007 թվականի հոկտեմբերին Կիևում։ Այն հավաքել էր ավելի քան 300 մասնակից Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղրղըզստանից, Լեհաստանից և տարածաշրջանի այլ երկրներից, անցկացվել է 45 շնորհանդես։ Կիևյան BarCamp–ից հետո անցկացվել է Բալթիքս BarCamp–ը Ռիգայում (2008 փետրվար) և Կովկաս BarCamp–ը Թբիլիսիում (2008 հունիս):

Առաջին BarCamp Yerevan–ը կայացել է 2009 թվականի ապրիլի 17–19–ին, որը հավաքել է ՏՏ մասնագետների, ինտերնետ և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ինտերնետ օգտագործողների, բլոգերների, նոր մեդիաոլորտի մասնագետների, լրագրողների և բոլոր հետաքրքրված անձանց և խմբերի, որոնք ամեն օր օգտվում են համացանցից։ -0-