Ավելի քան 25 խոշոր հայկական ընկերություններ կմասնակցեն DigiTec 2015 բիսնես ֆորումին
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 25 խոշոր հայկական ընկերություններ կմասնակցեն DigiTec 2015 բիսնես ֆորումին Երևանում, հայտնում է միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
ԴիջիԹեք 2015 բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսով։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բիզնեսի և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ։
Բիզնես ֆորումում իրենց մասնակցությունն են ունենալու ֆորումի գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաև «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բևեռ կոմպյուտեր», «Երևակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա» և այլ հեղինակավոր ընկերություններ:
Ֆորումի նպատակն է` օժանդակել ձեռներեցության զարգացմանը ՏՏ ոլորտում, ստեղծել արդյունավետ պայմաններ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և փորձի փոխանակման մասին տեղեկատվությանը ծանոթանալու համար, ինչպես նաև օժանդակել բիզնեսի տարբեր ոլորտների օպտիմալ տեխնոլոգիական լուծումների որոնման հարցում, ինչպես նաև օգնել տեխնոլոգիական ընկերություններին նույն հարթակում հանդիպումների և պոտենցիալ հաճախորդներին իրենց մշակումների ներկայացման հարցում։
Ֆորումի թեմաներն են` զբոսաշրջություն, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն, լեռնահանքային ոլորտ, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ։
Երկօրյա ֆորումի ընթացքում կանցնեն լիագումար նիստեր, գործարար շնորհանդեսներ, ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ տեղական և միջազգային գործարարների, փորձագետների և պետմարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում կանցկացվի «խելացի» լուծումներ կիրառող ընկերությունների մրցույթ։
Ինչպես հայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, երկար տարիների ընթացքում ՏՏ ոլորտը կայուն և տեսանելի աճ է գրանցում Հայաստանում։
«Բայց, չնայած այդ աճին, այն, միևնույն է, իրական արդյունքի կհասնի այն դեպքում, երբ հայկական բիզնեսի այլ ճյուղերը և պետական կառավարման համակարգը զգալի չափով սկսեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ իրենց գործունեության մեջ»,– նշեց Վարդանյանը:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:
-0-