«Հուսո առագաստ 2016» փառատոնի գալա համերգը տեղի կունենա Երևանում Beeline-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգի անցկացման մասին:
Ինչպես երեքշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Համերգի ընթացքում, որը կամփոփի 2016 թ. փառատոնային համերգաշարը, ելույթ կունենան այս տարվա երիտասարդ տասը լավագույն երգահանները, ինչպես նաև ավագ սերնդի հեղինակ-կատարողներ:
«Beeline-ը շարունակում է աջակցել երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծման և նրանց կյանքն ավելի լավ դարձնելուն ուղղված ծրագրերին: «Հուսո առագաստ 2016» փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հեղինակ-կատարողների, ովքեր, համոզված եմ, կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում: Թող որ այս փառատոնը և համերգը նրանց համար լինեն մեկնարկ հետագա հագեցած ստեղծագործական ճանապարհի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միաժամանակ, «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը նշել է, որ հեղինակային երգի և ընդհանուր առմամբ այս ուղղության համար տարին շատ հագեցած էր:
Նա հույ է հայտնել, որ գալա համերգը, ինչպես նաև հեղինակային երգին նվիրված գիրքը, որն ավարտական փուլում է, կլինեն հիանալի լրացում իր այս խոսքերին:
«Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի փառատոնի գալա համերգի ողջ հասույթն ուղղվելու է հեղինակային երգի հավաքածուի երրորդ թողարկման տպագրությանը: Գրքում կներառվեն հայ հեղինակային երգի շուրջ 40 սիրված երգահանների ավելի քան 150 երգեր տեքստով, ակորդներով, ինչպես նաև հեղինակի կատարման սկավառակով:
«Հուսո առագաստ» փառատոնն անցկացվում է «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից, Beeline-ի հովանավորությամբ և նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–